FORGOT YOUR DETAILS?

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Սննդամթերքում մնացորդային նյութերի հայտնաբերման բաժին

 

Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի սննդամթերքում մնացորդային նյութերի հայտնաբերման բաժինը հագեցված է ժամանակակից գերճշգրիտ սարքավորումներով (GC-MS/MS, LC-MS/MS, AAS, IR-MS), բազմաթիվ տեղական և միջազգային  վերապատրաստումների փորձ ունեցող պրոֆեսիոնալ անձնակազմով: Բաժնում իրականացվում են պարենային հումքի, կենդանական և բուսական ծագման սննդամթերքի և կերերի լաբորատոր փորձարկումներ համաձայն ԵԱՏՄ և ազգային կանոնակարգերի պահանջների, պատվիրատուի ներկայացրած ՏՊ-ների, ինչպես նաև լաբորատորիայում մշակված և վավերացված (վալիդացված) մեթոդների:

Սննդամթերքում քիմիական աղտոտիչների ( թունաքիմիկատներ, հումքի մշակման ժամանակ օգտագործվող աղտոտիչներ, արտաքին միջավայրի աղտոտիչներ, անասնաբուժական դեղերի մնացորդներ)  մնացորդային քանակների հայտնաբերման  փորձարկումները իրականցվում են միջազգային ստանդարտներով նախատեսված և կահավորված լաբորատոր պայմաններում: Գերճշգրիտ և հիմնականում ավտոմատացված սարքավորումները  ինչպիսին են՝ միկրոալիքային վառարանը, ավտոմատացված լուծամզման (էքստրակցիոն) և մաքրման համակարգերը,  ավտոմատ նմուշի ներարկման հնարավորությամբ և տարբեր նշանակության գերզգայուն դետեկտորներով հագեցված անալիտիկ սարքավորումները հնարավորություն են տալիս միաժամանակ փորձաքննության ենթարկել 24-150 փորձանմուշներ, նվազեցնում են մարդկային գործոնի ազդեցությունը՝ բարձրացնելով արդյունքների ճշգրտությունը և հավաստիությունը:

Այս բաժնում նույնպես կիրառվում են բացարձակ բարձր մաքրության քիմիական նյութեր, անալիտիկ ստանդարտներ, միջազգային մասնագետների կողմից ստուգաչափված սարքավորումներ:  Այսօր լաբորատորիան ունի մի շարք առաջնային ծրագրեր, որոնցից կարևորվում է խաղողի հումքով ալկոհոլային խմիչքների նույնականացումը և ՀՀ-ում  ալկոհոլային խմիչքների հումքի իզոտոպային կազմի բանկի վարման նպատակով իզոտոպային հետազոտություններ իրականացումը:

Մանրէաբանական հետազոտություների բաժին

 

Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի սննդամթերքի մանրէաբանական հետազոտություների բաժինը հագեցված է նորագույն սարքավորումներով (BacTrac-մանրէաբանական անալիզատոր, կենսաանվտանգության պահարաններ, ավտոկլավներ, խորը սառեցման (-80oC) սառցարաններ, թերմոստատներ, գաղութների հաշվիչներ, մանրադիտակներ): Բաժնում աշխատում են բազմաթիվ տեղական և միջազգային  վերապատրաստումների փորձ ունեցող պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնց կոմպետենտությունը ստուգվում է պարբերաբար իրականացվող միջլաբորատոր համեմատական փորձարկումներին (PT) մասնակցությամբ: Բաժինն իրականացնում է փորձարկումներ ինչպես  դասական, այնպես էլ էքսպրես (արագացված) մեթոդներով: 

Սննդամթերքի մանրէաբանական ցուցանիշների հիգիենիկ նորմատիվները ընդգրկում են ախտածին (պաթոգեն) և ոչ ախտածին (ոչ պաթոգեն) միկրոօրգանիզմների հետևյալ խմբերը՝

  • սանիտարացուցադրական, որոնց շարքին դասվում են մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների քանակը (ՄԱՖԱՄ), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ կոլիձևեր (ԱՑԽՄ), Enterobacteriaceae ցեղի մանրէներ, էնտերոկոկեր

  • պայմանական-ախտածին մանրէներ՝ Е. coli (աղիքային ցուպիկ), S. aureus (ոսկեգույն ստաֆիլակոկ),  Proteus, В. Cereus ցեղերի մանրէներ, սուլֆիտառաջացնող կլոստրիդիաներ, Vibrio parahaemolyticus,

  • ախտածին մանրէներ, այդ թվում՝ սալմոնելաներ և Listeria monocytogenes,

  • Yersinia ցեղի և այլ ախտածին մանրէներ՝ սննդամթերքի արտադրության տարածքում տիրող համաճարակային իրավիճակին համապատասխան,

  • փչացման մանրէներ՝ խմորասնկեր և բորբոսասնկեր, կաթնաթթվային մանրէներ,

  • մերանային  միկրոֆլորայի մանրէներ և պրոբիոտիկ մանրէներ (կաթնաթթվային մանրէներ, խմորասնկեր, բիֆիդոմանրէներ, լակտոբացիլներ և այլն)՝ տեխնոլոգիական միկրոֆլորայի նորմավորվող մակարդակով մթերքում  և պրոբիոտիկ մթերքներում:

 

Սննդամթերքի անվտանգության մանրէաբանական ցուցանիշների նորմավորումը մանրէների խմբերի մեծամասնության համար իրականացվում է այլընտրանքային սկզբունքով. նորմավորվում է մթերքի այն զագվածը, որում չեն թույլատրվում աղիքային ցուպիկի խմբի մանրէները, պայմանական ախտածին մանրէների մեծամասնությունը, ինչպես նաև ախտածին մանրէները, այդ թվում՝ սալմոնելաները և Listeria monocytogenes: Մյուս դեպքերում նորմատիվը արտացոլում է 1 գ (մլ) մթերքում գաղութառաջացնող միավորների քանակը (ԳԱՄ/գ կամ ԳԱՄ/մլ):

Պահածոյացված սննդամթերքի անվտանգության չափանիշներ (արդյունաբերական մանրէազերծվածություն) են հանդիսանում տվյալ պահածոների տեսակի համար սահմանված պահպանման ջերմասիճանի պայմաններում զարգանալու և բազմանալու հնարավորություն ունեցող մանրէների և մարդու առողջության համար վտանգավոր մանրէների և դրանց թույների բացակայությունը պահածոյացված սննդամթերքում:

Ֆիզիկաքիմիական, թունաբանական և անասնաբուժասանիտարական հետազոտությունների բաժին

              

 

Արտադրանքի՝ այդ թվում նաև սննդամթերքի որակը մի շարք հատկությունների ամբողջություն է, որը տվյալ արտադրանքին  հնարավորություն է տալիս բավարարելու նախապես սահմանված կամ ենթադրելի պահանջմունքները: Որակի բարելավման հետ արտադրանքի սպառողական արժեքը մեծանում է: Սննդամթերքի որակի հետազոտման մեթոդները իրենց բնույթով և իրականացվող փորձարկումներով  բաժանվում են զգայաբանական (օրգանոլեպտիկ) եւ լաբորատոր մեթոդների, ինչով և զբաղվում է բաժինը:

Բաժնում իրականացվող արտադրանքի որակի զգայաբանական (օրգանոլեպտիկ) և ֆիզիկաքիմիական լաբորատոր փորձարկումները կատարվում են համաձայն գործող նորմատիվ փաստաթղթերի, արտադրողի կողմից ներկայացված տեխնիկական պայմանների և պատվիրատուի կողմից ներկայացված այլ մեթոդների: Ֆիզիկական եւ ֆիզիկաքիմիական հետազոտական  ​​մեթոդները ունեն մի շարք առավելություններ` պայմանավորված դրանց իրականացման արագությամբ եւ մատչելիությամբ: Բաժնում փորձարկումներն իրականացվում են ինչպես ըստ դասական ֆիզիկաքիմիական մեթոդների, այնպես էլ նորագույն սարքավորումների կիրառման վրա հիմնված ժամանակակից մեթոդներով: Բաժինը գերհագեցած է այնպիսի գերզգայուն սարքավորումներով, որոնք բացառիկ են ՀՀ, որոշ դեպքերում էլ տարածաշրջանային մակարդակով: Վերջիններս առանձնանում են իրենց արագությամբ, ճշգրտությամբ և բազմաֆունկցիոնալությամբ: Կարելի է առանձնացնել: Ամինաթթվային անալիզատորը, որը հնարավորություն է տալիս որոշել սննդամթերքի ամբողջական սպիտակուցային բաղադրակազմը մեկ փորձի շրջանակներում: Իոնային քրոմատագրման սարքը, որի միջոցով որոշվում է սննդամթերքի և ջրի կատիոնների (կալիում, նատրիում, կալցիում, մագնեզիում, ստրոնցիում, ամոնիում) ու անիոնների (ֆտորիդ, քլորիդ, նիտրատ, նիտրիտ, սուլֆատ) բաղադրակազմը: Բաժնի հիմնական գործառույթներից է նաև անասնաբուժասանիտարական փորձաքննությունների (ԱՍՓ) իրականացումը, որն իրենից ներկայացնում է զգայաբանական (օրգանոլեպտիկ) և մանրադիտակային (բակտերիոսկոպիկ) հետազոտությունների ամբողջություն: ԱՍՓ-ի դերը կարևորվում է հատկապես մսամթերքի լաբորատոր փորձարկման տեսանկյունից՝ ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդությունների կանխարգելման նպատակով:  

 

 

Մոլեկուլյար և մակաբուծաբանական հետազոտությունների բաժին

              
 
Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի մոլեկուլյար և մակաբուծաբանական հետազոտությունների բաժինը հագեցած է ժամանակակից սարքավորումներով`մասնավորապես, QuantStudio 5 ԻԺ-ՊՇՌ սարք, կենսաանվտանգության պահարաններ, խորը սառեցման (-80 o C) սառցարաններ, մանրադիտակներ, թերմոստատներ, կենտրոնախուսիչներ: Բաժնում աշխատում են բանիմաց և հմուտ մասնագետներ, որոնց համար պարբերաբար կազմակերպվում են նեղ մասնագիտական խորացված դասընթացներ՝ հիմնականում արտերկրից հրավիրված առաջատար մասնագետների կողմից: Բաժնում իրականացվում են սննդամթերքի մեջ ախտածին միկրոօրգանիզմների (սալմոնելլա, լիստերիա, ստաֆիլակոկ, կոլի) հայտնաբերման աշխատանքներ ԻԺ-ՊՇՌ մեթոդով (էքսպրես մեթոդ): Կատարվում են նաև ԳՁՕ –ի որակական և քանակական հետազոտություններ:
Ձկների և խեցգետինների մակաբուծաբանական հետազոտությունները կատարվում են տրեմատոդների, նեմատոդների և ցեստոդների կենդանի թրթուրների հայտնաբերման նպատակով: 
TOP