«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի լաբորատորիաները հաջողությամբ անցել են միջազգային հավատարմագրման գնահատման փուլը

17.07.2026

«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի (ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ) երկու՝ Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների փորձարկման և Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիաները, հաջողությամբ անցել են միջազգային հավատարմագրման շրջանակներում իրականացվող տեղում գնահատման (on-site assessment) փուլը։

Գնահատումն իրականացվել է Ամերիկյան ազգային հավատարմագրման մարմնի (ANAB) կողմից՝ ISO/IEC 17025:2017 «Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության գնահատման շրջանակներում։

Միջազգային գնահատման գործընթացը կարևոր նշանակություն ունի ՀԱԲԼԾԿ»  ՊՈԱԿ-ի լաբորատոր կարողությունների շարունակական զարգացման և փորձարկումների որակի միջազգային պահանջներին համապատասխանության ապահովման տեսանկյունից։ Այն հնարավորություն է տալիս գնահատել Կազմակերպության լաբորատոր կառավարման համակարգը, տեխնիկական կարողությունները, մասնագիտական ներուժը և կիրառվող փորձարկման մեթոդների համապատասխանությունը սահմանված պահանջներին։

Գնահատման գործընթացի շրջանակներում ընդլայնվել են ՀԱԲԼԾԿ»  ՊՈԱԿ-ի լաբորատոր կարողությունները՝ ներառելով ալկոհոլային խմիչքների և հյութերի կայուն իզոտոպային վերլուծությունների ուղղությունը։

Նոր ուղղության ներդրումը կարևոր քայլ է Հայաստանի Հանրապետությունում ալկոհոլային խմիչքների իսկության, ծագման և աշխարհագրական նշման հետ կապված գիտական և լաբորատոր հետազոտությունների իրականացման հնարավորությունների ընդլայնման համար։ Այս հետազոտությունների իրականացումը թույլ կտա կիրառել ժամանակակից վերլուծական մոտեցումներ և ապահովել արդյունքների ստացումը միջազգային պահանջներին համապատասխան։

ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ում իրականացվող լաբորատոր փորձարկումների շրջանակի ընդլայնումը միաժամանակ նպաստում է Կազմակերպության կողմից տրամադրվող փորձարկման արդյունքների միջազգային ճանաչելիության և փոխճանաչելիության ապահովմանը՝ համապատասխան հավատարմագրման շրջանակներում։

Հատկանշական է, որ կայուն իզոտոպների վերլուծության նոր ուղղության ներդրումը Հայաստանի Հանրապետությունում լաբորատոր կարողությունների զարգացման կարևոր ձեռքբերում է՝ հնարավորություն ընձեռելով նմանատիպ հետազոտություններ իրականացնել երկրի ներսում՝ համապատասխան տեխնիկական և մասնագիտական ներուժի հիման վրա։

Միջազգային հավատարմագրման գործընթացի շրջանակներում իրականացված գնահատումը և լաբորատոր կարողությունների ընդլայնումը հանդիսանում են ՀԱԲԼԾԿ»  ՊՈԱԿ-ում լաբորատոր կառավարման համակարգի, տեխնիկական հնարավորությունների և մասնագիտական ներուժի շարունակական զարգացման կարևոր բաղադրիչներ։

ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը շարունակելու է աշխատանքները՝ ուղղված լաբորատոր փորձարկումների շրջանակի ընդլայնմանը, ժամանակակից մեթոդների ներդրմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը և լաբորատոր ծառայությունների որակի՝ միջազգային պահանջներին համապատասխան շարունակական կատարելագործմանը։