Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (World Organisation for Animal Health – WOAH) «Արդյունավետ անասնաբուժական ծառայություններ» (Performance of Veterinary Services – PVS) ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է անասնաբուժական ծառայությունների և լաբորատոր կարողությունների գնահատման առաքելություն։
Գնահատման շրջանակում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության փորձագիտական խմբի ներկայացուցիչները, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով, այցելել են «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ (ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ)՝ ծանոթանալու Կազմակերպության կողմից իրականացվող անասնաբուժական լաբորատոր ախտորոշման հնարավորություններին, տեխնիկական և նյութատեխնիկական հագեցվածությանը, մասնագիտական ներուժին և լաբորատոր ենթակառուցվածքներին։
«Կայուն լաբորատորիաներ» նախաձեռնության շրջանակներում իրականացված այցի ընթացքում փորձագիտական խմբի անդամները՝ Դոկտոր Անդրե դե Օլիվեյրա Մենդոնսայի գլխավորությամբ, ուսումնասիրել են ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի՝ Երևանում, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում գործող ստորաբաժանումների գործունեությունը, ինչպես նաև Կազմակերպության «Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի» կարողությունները։
Այցի ընթացքում փորձագետները ծանոթացել են ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ում իրականացվող լաբորատոր հետազոտությունների և ախտորոշման գործընթացներին, լաբորատոր ենթակառուցվածքներին, սարքավորումներին և տեխնիկական ապահովվածությանը, մարդկային ռեսուրսներին, ինչպես նաև կենդանիների հիվանդությունների վերահսկման և անասնաբուժական լաբորատոր ախտորոշման համակարգում Կազմակերպության ունեցած դերին։
Փորձագիտական խմբի կողմից առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անասնաբուժական լաբորատոր կարողությունների հետագա զարգացման և արդիականացման ուղղություններին։ Ներկայացված դիտարկումները վերաբերում էին լաբորատոր փորձաքննության շրջանակում նոր և առավել ընդգրկուն մեթոդների ու թեստերի ներդրմանը, մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը, անձնակազմի վերապատրաստմանը, երիտասարդ մասնագետների ներգրավմանը և լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմանը։
ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի գործունեության գնահատման կարևոր բաղադրիչներից է նաև Կազմակերպության լաբորատոր ցանցի կարողությունների շարունակական զարգացումը և միջազգային պահանջներին համապատասխանության ապահովումը։ Այս ուղղությամբ արտաքին մասնագիտական գնահատումները հնարավորություն են տալիս բացահայտել զարգացման առաջնահերթությունները, գնահատել առկա կարողությունները և ձևավորել դրանց հետագա կատարելագործման համար անհրաժեշտ ուղղությունները։
Գնահատման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի անասնաբուժական լաբորատոր համակարգի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված տեղեկատվության համակարգման և ռեեստրի ստեղծման անհրաժեշտությունը, մասնագիտական որակավորման շարունակական բարձրացումը և մարդկային ռեսուրսների զարգացումը։
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության փորձագիտական խմբի կողմից իրականացված այցը կարևոր քայլ է ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի լաբորատոր կարողությունների հետագա զարգացման, միջազգային լավագույն փորձի կիրառման և անասնաբուժական լաբորատոր ծառայությունների որակի շարունակական բարելավման ուղղությամբ։
Փորձագիտական խմբի կողմից իրականացված գնահատման նախնական արդյունքները կներկայացվեն տվյալների մանրակրկիտ ուսումնասիրությունից և վերլուծությունից հետո։
ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը, կարևորելով միջազգային մասնագիտական համագործակցությունը և արտաքին գնահատումների միջոցով սեփական կարողությունների շարունակական կատարելագործումը, պատրաստակամ է շարունակելու աշխատանքները՝ ուղղված անասնաբուժական լաբորատոր ախտորոշման կարողությունների զարգացմանը, մասնագիտական ներուժի ամրապնդմանը և լաբորատոր ծառայությունների որակի կառավարման համակարգերի կատարելագործմանը։





