«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

Արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ անցկացվել են դաշտային և լսարանային վերապատրաստումներ

26.07.2026

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ՝ Եվրոպական հանձնաժողովի TAIEX ծրագրի շրջանակում անցկացվել են դաշտային և լսարանային վերապատրաստումներ՝ արագ փչացող ապրանքների արդյունավետ կառավարման, սննդամթերքի անվտանգության ապահովման և համապատասխան գործընթացների բարելավման վերաբերյալ։

Վերապատրաստումների ընթացքում իտալացի փորձագետները ներկայացրել են Եվրոպական միության երկրներում կիրառվող լավագույն փորձը, գործնական մոտեցումներն ու տեխնիկական լուծումները՝ մասնակիցներին հնարավորություն տալով ծանոթանալու արագ փչացող ապրանքների վերահսկողության և կառավարման ժամանակակից մեխանիզմներին։

Դասընթացի շրջանակում անդրադարձ է կատարվել սննդամթերքի անվտանգության ապահովմանը, մաքսային ընթացակարգերին, ջերմային շղթայի պահպանմանը, սննդային կորուստների նվազեցմանը և արտադրանքի արդյունավետ լոգիստիկ կառավարմանը։ Առանձին ուշադրություն է դարձվել նաև վերամշակման գործընթացներին, լաբորատոր փորձարկումներին, արտադրանքի համապատասխանության գնահատմանը և այդ գործընթացների փոխկապակցվածությանն ու արդյունավետ կազմակերպմանը։

Վերապատրաստումներին մասնակցել են Սննդամթերքի անվտանգության ոլորտի պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի (ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ) մասնագետներ։ Վերջիններիս մասնակցությունը հնարավորություն է ընձեռել մասնագիտական քննարկումների շրջանակում անդրադառնալու սննդամթերքի անվտանգության ապահովման գործում լաբորատոր հետազոտությունների դերին, փորձարկումների արդյունքների կիրառմանը և արտադրանքի համապատասխանության գնահատման գործընթացին։

Մասնակիցների համար դասընթացը նաև հնարավորություն է ընձեռել փորձի փոխանակման, մասնագիտական հարցերի քննարկման և եվրոպական փորձի հիման վրա ոլորտում առկա գործընթացների կատարելագործման հնարավորությունների դիտարկման համար։

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի խոսքով՝ նման մասնագիտական վերապատրաստումները կարևոր նշանակություն ունեն Եվրոպական միության պահանջների և լավագույն փորձի տեղայնացման ու համապատասխանեցման, Հայաստանի արտահանման ներուժի և պատրաստվածության բարձրացման, ինչպես նաև ագրոպարենային ոլորտում առևտրային հնարավորությունների դիվերսիֆիկացման տեսանկյունից։

Ծրագրի շրջանակում իրականացվող նման նախաձեռնությունները նպաստում են նաև պետական կառույցների, վերահսկողության և լաբորատոր համակարգերի մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ միաժամանակ խթանելով սննդամթերքի անվտանգության միասնական և արդյունավետ մոտեցումների ձևավորումը։