«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիան հաջողությամբ անցել է ISO 35001:2019 ստանդարտի հերթական պարբերական գնահատումը

25.08.2025

«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի (ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ) կազմում գործող Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիան հաջողությամբ անցել է ISO 35001:2019 «Կենսառիսկերի կառավարման համակարգեր» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության հերթական պարբերական գնահատումը։

Պարբերական գնահատումն իրականացվել է 2026 թվականի օգոստոսի 10-ին՝ թեստավորման, տեսչական ստուգման և հավաստագրման ոլորտում միջազգային հեղինակավոր «Բյուրո Վերիտաս» կազմակերպության կողմից։

Գնահատման ընթացքում ուսումնասիրվել են Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիայում կենսառիսկերի կառավարման համակարգի գործարկման և արդյունավետության ապահովման գործընթացները, համապատասխան ընթացակարգերի իրականացումը, ինչպես նաև ISO 35001:2019 ստանդարտի պահանջների շարունակական պահպանման մակարդակը։

Գնահատման արդյունքներով ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիան հաջողությամբ պահպանել է ISO 35001:2019 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության իր սերտիֆիկացման կարգավիճակը։

ISO 35001:2019 ստանդարտի շրջանակում լաբորատորիայի գործունեությունը ներառում է ցամաքային և ջրային կենդանիների հիվանդությունների, այդ թվում՝ հատուկ վտանգավոր ախտածինների հետ կապված ախտորոշիչ, գիտական և մոնիթորինգային հետազոտությունների իրականացման ընթացքում կենսառիսկերի բացահայտման, գնահատման և կառավարման գործընթացները։

Հերթական պարբերական գնահատման հաջող անցումը կարևոր նշանակություն ունի ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիայում կենսառիսկերի կառավարման համակարգի շարունակական արդյունավետության, կենսաանվտանգության և կենսապաշտպանության բարձր մակարդակի պահպանման, ինչպես նաև միջազգային պահանջներին համապատասխան լաբորատոր գործունեության ապահովման տեսանկյունից։

Հատկանշական է, որ ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիան Հայաստանի Հանրապետությունում գործող պետական լաբորատոր կառույցների շարքում հանդիսանում է ISO 35001:2019 «Կենսառիսկերի կառավարման համակարգեր» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացված լաբորատորիա։

ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը շարունակելու է աշխատանքները՝ ուղղված իր կազմում գործող լաբորատորիաների կառավարման համակարգերի շարունակական կատարելագործմանը, կենսաանվտանգության և կենսապաշտպանության բարձր մակարդակի պահպանմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը և միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատոր ծառայությունների ապահովմանը։